«Քյարթուն» հայության հետ կապ չունի
03.12.2019 | 03:08
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակի հիման վրա նկարահանված հեռուստասերիալի ստեղծագործական խմբի (սցենարիստ` Անահիտ Աղասարյան, դերասաններ` Խորեն Լևոնյան, Արմեն Հովհաննիսյան և այլք) և ՀՊՏՀ-ի ուսանողների միջև:
ՈՒշագրավ է, որ ուսանողների առաջարկով էր հեռուստասերիալի ստեղծագործական կազմը ժամանել համալսարան, այսինքն ուսանողությունը արժևորել և սիրել է հեռուստասերիալը:
Պարզվեց` Խորեն Լևոնյանի լավագույն ուսուցիչն իր սխալներն են, որոնք ինքը դեռ շարունակում է անել ու դասեր քաղել դրանցից:
Անահիտ Աղասարյանի կարծիքով` ուսուցիչն այն մարդն է, ումից ինչ-որ բան սովորում ես, դա կարող է լինել անգամ տաքսու վարորդը, իսկ իր ուսուցիչը եղել է Խորեն Աբրահամյանը:
Խորեն Լևոնյանը համոզված է, որ ինքն իսկական երևանցի է, իսկական հայ, գիտի իր երկրի պատմությունը, լսում է լավ երաժշտություն: ՈՒրախ է, որ երիտասարդների հոգում մի բան արթնացել է. «Մենք շատ հաճախ սիրում ենք կորցնել մերը, օտար աշխարհից վերցնել մի քիչ և խառնել մերին: Պետք է ճանաչել մերը, որը վատը չէ, հետամնաց չէ, աշխարհից կտրված չէ: «Քյարթուն» հայության հետ կապ չունի: Ցավոք, ցանկացած ասպարեզում հայկականը քչություն է անում»:
Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մարտինա Սարդարյանն ասաց, որ «Քաոսը» ցուցադրելուց հետո մարդիկ կարդում են Շիրվանզադե կամ «Շահմարի առեղծվածը», «Բալենի», «Վերջին ուսուցիչը»: Այսինքն, իրենց աշխատանքը տվել է ցանկալի պտուղներ, հետևաբար այն շարունակական է լինելու:
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ